Իսրայելական ուժերը հարվածել են Բեյրութի կենտրոնական մասին՝ տեղեկացրել է Al Jazeera-ն։ Հարվածի ենթարկված շենքերից մեկում թաքնվել էին տեղահանված մարդիկ։ Հարվածները հասցվել են հոծ բնակեցված բնակելի շրջաններին, փողոցները կրակի մեջ են, բազմաթիվ բնակիչներ հեռացել են բազմահարկ տների իրենց բնակարաններից։ Լիբանանյան Al Mayadee-ն իր հերթին տեղեկացրել է երկու մարդու զոհվելու և ինը վիրավորների մասին:               
 

Մեր քաղաքի մարդիկ

Մեր քաղաքի մարդիկ
11.10.2024 | 16:01

ԽՈՍՔ ՀԻՇԱՏԱԿԻ

Արդեն որերորդ անգամ գրիչ եմ վերցնում ու... ընկերության հուշերի թելերը վար են տանում գրիչս։ Դժվար է գրել մարդու մասին, ում հետ մի ամբողջ կյանք` հեռու թե մոտիկ, անբաժան ես եղել, մտովի` միշտ իր հետ։

Հիմա գրասեղանիս` ընծայագրերով` իր հեղինակած ու խմբագրած գրքերն են։ Երկյուղածությամբ եմ դրանք թերթում. նրանց էջերում Ֆելիքսի խոհերն են, մտորումները, գու՞ցե նաև` մատնահետքերը։ Վախենում եմ` հանկարծ չջնջվեն։

Այսպես կարող ես մտածել մարդու մասին, ով հարազատ է քեզ, սրտամոտ, թանկ, անփոխարինելի։

Ֆելիքն ու ես (նաև` մեր շատ հայրենակիցներ) հազար թելերով կապված ենք եղել իրար։ Ֆելիքսը Ալավերդիում ապրող` էրգրի հիշողությունն էր, նրա հեռու-մոտիկ տարեգիրը, ուր էլ լիներ` նրա շնորհակալ որդին։

Նրա մասին հիշողությունները ինձ անցյալ են տանում, որ ցավալիորեն հեռուներում են, ուր երկրորդ դասարանցի իր դասընկերուհի ավագ քրոջս ու իր հիշողություններից այդպես էլ չջնջվեցին, երբ ռուսերենի իրենց անհոգի դասատուն (ոչ թե ուսուցչուհին) նրա դասագրքի մեջ տեսել էր հայոց հավատի մասին հիշեցնող լուսանկարն ու ամբողջ դասարանը մանկական ահուդողով սպասել էր, թե ինչ է լինելու իենց` միշտ կոկիկ ու կարգապահ դասընկերոջ հետ։

...Էրգից մազապուրծ, կոշկակար Բարդուղիմեոս Բախչինյանի ընտանիքը մեր քաղաքի երկաթուղային գծանցից վերև` Ճալա հին թաղամասի դիմաց հին գերեզմանատան շուրջը բնակեցված այն ընտանիքներից էր, որ այդպես լուռ, ողջ կյանքում կրեց գաղթականի դառը ճակատագիրը։

Նման ընտանիքներում ապրած մարդիկ, առավելապես` երեխաները, իրենց երակներում են կրում ցավն ու սերը` միաժամանակ։

Ֆելիքսը այդ բացառիկներից էր։ Այնպես է թվում, թե իր մասին է ասել պոետը.

«Աստված իմ ցավից, ծիծաղից, լացից քեզ հեռու պահի»։

Ֆելիքսին ճանաչելը և՛ դժվար էր, և՛ հեշտ։

Նա ինձ ավելի ճանաչելի դարձավ իմ` համալսարանն ավարտելուց հետո «Լոռի» թերթի խմբագրությունում և իր` Վիլնյուսի պետական համալսարանում հայ-լիտվական գրական կապերն ուսումնասիրելուց հետո, երբ «Լոռի» թերթի նույն աշխատասենյակում էինք նստում (Ֆելիքսը «Սովետական Հայաստան» թերթի հատուկ թղթակիցն էր Լոռու տարածաշրջանում)։

Իսկ մի՞նչ այդ։

Մինչ այդ` փորձել էր կուսակցական (բոլշևիկյան) ապարատի «boss»-երին ցույց տալ, որ կյանքում ավելի կարևոր, արժեքավոր բաներ կան, քան աթոռը, պաշտոնը։ Նրան այդ հարցում անուղղակի ուղղորդել էր լիտվացի ժողովրդական բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը։

Առաջին հայացքից Ֆելիքսին մոտիկից չճանաչողներին այնպես էր թվում, թե Մեժելայտիսն է օգնել իր կյանքի ճամփան դյուրին դարձնելու, ավելին` հարթելու։

Մինչդեռ... Ֆելիքսը կարողացավ ցույց տալ, որ գաղթականի որդին սովորական մարդ չէ, նա նաև գրի ու գրականության արժեքը գիտի, մեծամեծերին գնահատել ու արժեքավորը արժևորել գիտի։ Միայն նրան շատ մոտիկից ճանաչողը գիտի, թե որքան նուրբ ու զգայուն ներաշխարհ ուներ նա, թե քչով բավարարվելու և թե արժեքավորին, վեհին ձգտելու հարցում։

Հաճախ ենք զրուցել այդ թեմաներով, կիսվել։ Փակ, ինքնամփոփ մարդ էր Ֆելիքսը ու այնքան լիքը, պռենկեպռունկ։ Այդ լիքությունից էին ծնվում նրա գրքերը, գրականագիտական ուշագրավ հոդվածնները, տարաբնույթ գրական գործերը` վիպակները, պատմվածքները, էսսեները, որոնք կարելի է մի ամբողջ գրական ժառանգություն համարել։

Այդ լիքությունը նրան տարավ ուսումնասիրելու հայ և այլազգի ժողովուրդների անտեսանելի մշակութային կապերը, որոնք նա մեղվի ժրաջանությամբ կատարեց, պրպտաց, բացահայտեց, վեր հանեց ու գիր դարձրեց։

Մարդու համեստ տեսակ էր, երբեք չթմբկահարեց` ի՞նչ է անում, ինչու՞։

Միայն ինքը գիտեր։ Հետո էինք տեսնում ու մի քիչ զարմանում. այս ե՞րբ հասցրեց։

Բարությունը աստվածատուր շնորհ է։ Նա օժտված էր անափ բարությամբ։

ՈՒշադիր մարդ էր։ Մեկ էլ կտեսնեիր` զանգահարեց.

«Զանգել եմ, ձայնդ լսեմ, ո՞նց ես, ա՛յ լոռեցի ջան»։

ՈՒ մեկեն փոխվում էր տրամադրությունդ, մթնոլորտը։

Կարոտում էր` թեկուզ կիսատ-պռատ, հոգսաշատ իր մանկությանը, դժվարություններին։

Մեր ապրած ժամանակներում քիչ էր պատահում, երբ մարդն ինքն է կերտում իր ճանապարհը։ Պիտի օժտված լինեիր կամ շնորհդ` աստվածատուր։ Ֆելիքսը ինքն իրենով իր ճանապարհը հարթած մարդ էր։

Բազմաթիվ կոչումներ ուներ, պարգևներ, լուրջ պաշտոներ էին վստահել, իր համար չկարևորվող, երկրորդական։

Նրա համար իր կյանքի ամենակարևոր գործն ու նպատակը մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի` հայ ժողովրդի համար կատարած գործը հանրայնացնելն էր, ու ոչ պատահական. որի ակունքում էլի գաղթական հային ձեռք մեկնած մեծ մարդու նվիրումի մասին աշխարհով մեկ բարձրաձայնելն էր, Ֆրիտյոֆ Նանսենի «Խաբված ժողովուրդ» գիրքը` իր նպատակով. սատար կանգնել եղեռնազուրկ հայ ժողովրդին, որի համար անցած դարասկզբին այնքան բարի գործ արեց մեծ մարդասերը։ Զարմանալի հիշողություն ուներ Ֆելիքսը, ոչինչ չէր մոռանում, ոչ ոքի։ ՈՒմ հետ երբևէ հանդիպել էր, խոսել, իր հոգում տեղ ունեին, թեկուզ և փոքր, բայց այդ տեղը միմիայն իրենցն էր։

Նրանից կարող էիր կարդալ սովորել, շփվել սովորել, սիրել սովորել։ Գրի անխոնջ մշակ էր` հոգին` բաց, գիրը` խոսուն, հարուստ, բազմաբովանդակ։

Հեռանալուց մի քանի օր առաջ զանգահարեց։

Տխուր էր։

Առողջական անհանգստացնող խնդիրներ ուներ։

Չհասցրեց, շատ կիսատ, անավարտ բան թողեց։

...Մի օր, «Parker» թանկարժեք գրիչ նվիրեց ու պատվիրեց գրել, չծուլանալ։ Այդ օրն էլ պատահաբար իմացա, որ գրիչների անթիվ-անհամար հավաքածու ունի, զարմացա։

Հիմնավորեց.

«Ամեն գրիչ իր ասելիքն ունի։ Պիտի ասելիքը գտնես ու ժամանակին գիր դարձնես»։

Ճիշտ էր ասում։ Նրա յուրաքանչյուր գիրք իր ասելիքն ունի, միայն իրենը, որով հիացել է նրան ընթերցած ծանոթ ու անծանոթ բազմաթիվ մարդկանց։

Նորվեգացի հայտնի ճանապարհորդ, Ազգերի լիգայի ռազմագերիների և գաղթականների հարցերով գերագույն հանձնակատար, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր, հայ ազգի մեծ բարեկամ, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ նանսենի կերպարը նրա ապրելու կերպին կարևոր, անբաժանելի շտրիխ էր ավելացրել` բարության ու հումանիզմի չափորոշիչով։

ՈՒ մի զարմանալի բան. այդ ինչպե՞ս էր հասցնում այդ ամենն անել։

Ինքը սովորական, շարքային ալավերդցի չէր, սովորական գրող, թարգմանիչ, գրականագետ չէր, ինքը Ֆելիքս Բախչինյան էր` հայի ոգին ու ցավը իր մեջ կրող Մարդը, էրզրումցի գաղթականի շարունակվող շիվը։

...Այո, կան մարդիկ, որ ապրում են անխոս, լուռ ու ստեղծում են, գրում, ստեղծագործում։

ՈՒ ոչ ոք չգիտի` ի՞նչ է կատարվում նրանց ներաշխարհում, հոգու գաղտնարաններում։

Նրանց ճանաչում են շատերը։

Սակայն նրանք երբեք չեն բարձրաձայնում, թե ինչի են հասել, ինչ դժվարությունների, չարչարանքների գնով։

Ապրում են լուռ, անխոս, այդպես էլ չանհանգստացնելով ոչ ոքի։

Այդպես լուռ էլ հեռանում են աշխարհից։

Այդպես ապրեց Ֆելիքս Բախչինյանը, իմ ընկերը, մեր` Ալավերդիի արժանապատիվ քաղաքացին։

Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 131

Մեկնաբանություններ